Տավուշի մարզի Բերդավան գյուղում ծխախեղդ եղած 88-ամյա բնակչուհին ապրում էր միայնակ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանը:
Նա նշեց, որ կնոջ ամուսինը, մի որդին եւ դուստրը մահացել են տարիներ առաջ, ուներ մեկ որդի, որն ապրում է Երեւանում: Տարեց կնոջը խնամում էին բարեկամները եւ հարեւանները:
«Նա գրեթե անկողնային վիճակում էր գտնվում, հիշողության կորուստ ուներ, անընդհատ ինչ-որ տարօրինակ բաներ էր ասում: Խնամող բարեկամները ասում էին, թե նա պարբերաբար լուցկի է ման գալիս»,- ասաց գյուղապետը:
Նա նշեց, որ կամ կինը լուցկիով վառել է բազմոցը, որի վրա պառկած էր, կամ էլ վառարանի ուժեղ կրակի արդյունքում այրվել է, քանի որ բազմոցը գրեթե կպած էր վառարանին: Արարատ Գաբրիելյանն ասաց, որ հենց հարեւանները ծուխ են նկատել, գնացել են նրա տուն, սակայն արդեն նրան փրկել չի հաջողվել, տունն ամբողջությամբ ծխի մեջ էր:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փրկարար ծառայությունը մարտի 23-ին, ժամը 16.33-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ այրվում է տան տանիք:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.59-ին, մարվել` 17.02-ին: Այրվել է ննջասենյակի (5 X 3.5 ) փայտե հատակը` 1,2 քմ: Ննջասենյակում հայտնաբերվել է 1926 թ. ծնված Ռ. Մ.-ի դին:



























