Օրենքում կան որոշ սխալներ: Այդ պատճառով էլ օրենսդրական փոփոխություններ կկատարվեն: Սակայն դա կիրականացվի քննարկումների արդյունքում, այլ ոչ թե  ճնշման:  Այս մասին մարտի 24-ին լրագրողներին հայտնել է ՀՀ խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը, պատասխանելով այն հարցին, թե հնարավոր են արդյոք զիջումներ իշխանության կողմից` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի օրենքի վերաբերյալ: Աբրահամյանը նշել է, որ եթե սխալ կա, ապա այն կուղղվի: Պատասխանելով հարցին, թե պատրաստ են արդյոք իշխանությունները հրաժարվել  պարտադիր 5% վճարումներից, Աբրահամյանն ասել է. «Պատրաստ ենք քննարկել»:

Հիշեցնենք,  2014թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը:

Հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի  գործողությունը (պատժամիջոցներ չկիրառելու եւ հիմնադրամի պարտադիր ընտրության վերաբերյալ): Սահմանադրական դատարանը վերջնական որոշում կկայացնի մարտի 28-ին: