Երեւանի վարչական շրջաններում տաքսիների նոր կայանատեղիներ կազմակերպելու նպատակով, ՃՈ հետ համատեղ քննարկվել են շահագրգիռ կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկներն ու մասնագիտական լրացուցիչ ուսումնասիրություններից հետո առանձնացվել են տաքսիների նոր, անվճար կայանատեղերի 35 տարածք: Այս մասին նշվել է այսօր՝ մարտի 24-ին, Երեւանի քաղաքապետարանում կայացած խորհրդակցքության ժամանակ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է արդեն իսկ առկա 40 տարածքի օրինակով, ՃՈ հետ համատեղ, սեղմ ժամակետում նշված 35 տարածքները եւս կահավորել համապատասխան ճանապարհային նշաններով: Պատասխանատուներին, ինչպես նաեւ վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է պարբերաբար ուսումնասիրել եւ հնարավոր նոր կայանատեղերի վերաբերյալ առաջարկներ ներկայացնել: 

Առեւտրի եւ սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ ապօրինի առեւտրի կանխարգելման ուղղությամբ իրականացվող հսկողության շնորհիվ մայրաքաղաքում նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 31 արձանագրություն, որից 28-ը՝ Կենտրոն վարչական շրջանում: Ընդ որում, արձանագրությունների զգալի մասը կազմվել է քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչության աշխատակիցների կողմից, ինչը քաղաքապետ Տարոն Մարգարյանը գնահատել է անթույլատրելի. «Ըստ էության, այս գործառույթի իրականացման հիմնական պատասխանատուն հենց վարչական շրջանի համապատասխան բաժինն է, որի պարտականությունը ամենօրյա հսկողության իրականացումը եւ բացօթյա ապօրինի առեւտրի դեպքերը հայտնաբերելն ու համապատասխան քայլեր ձեռնարկելն է: Մինչդեռ, ինչպես տեսնում ենք, քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչության սակավաթիվ աշխատակիցներն ավելի շատ դեպքեր են հայտնաբերում, քան վարչական շրջանի համապատասխան բաժնի աշխատակիցները: Նման վարքագիծն անթույլատրելի է, ինչը նաեւ խոսում է այն մասին, որ տվյալ բաժնի աշխատակիցներն ուղղակի մատների արանքով են նայում իրենց պարտականությունների կատարմանը: Ըստ այդմ, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին հանձնարարում եմ  խիստ նկատողություն հայտարարել Կենտրոնի առեւտրի, սպասարկումների եւ գովազդի բաժնի պետին՝ աշխատանքները ոչ պատշաճ կազմակերպելու եւ իրականացնելու համար», - նշել է քաղաքապետն ու հանձնարարել պատասխանատուներին շարունակել  գործընթացի նկատմամբ  խսիտ հսկողությունը, մասնավորապես, վարչական շրջանների կողմից իրականացվող աշխատանքների նկատմամբ: