Ժողովուրդների ինքնորոշումը կապված չէ ոչ քաղաքականության, ոչ տնտեսության, ոչ էլ այլ բաների հետ: Դա այն դեպքն է, երբ մարդիկ հավաքվում ու որոշում են, որ ինչ-որ բան են ուզում եւ պատրաստ են դրա համար պայքարել: Արդյոք դա տեղի է ունեցել Ղրիմում, ես չգիտեմ: Այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Ռազմավական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը:

Նրա խոսքով՝ անհայտ է՝ արդյոք Ղրիմի ժողովուրդը Ռուսաստանի ձեռքին օգտագործվե՞լ է որպես օբյեկտ, թե՞ դա եղել է նրա ինքնուրույն որոշումը, քանի որ Ուկրաինայի շուրջ իրադարձությունների ընթացքում բավական հակասական տեղեկություններ էին ստացվում: «Երբեմն լինում է տպավորություն, որ Ուկրաինան ուզում են բաժանել, բայց ով է դա ուզում՝ Ռուսաստա՞նը, թե Եվրոպան, ասել դժվար է»,-ընդգծել է Սարգսյանը՝ հավելելով, որ Ղրիմը հիմա իր համար դրոշակ է սարքել ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, «սակայն դա կարող է ռիսկային լինել նաեւ Ռուսաստանի համար, քանի որ այն դաշնային պետություն է»:

Հիշեցնենք, որ մարտի 16-ին Ղրիմում ինքնավարության կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե է տեղի ունեցել, որտեղ ավելի քան 96 տոկոսը կող է արտահայտվել Ղրիմը Ռուսաստանի կազմում ընդգրկվելուն: Մարտի 18-ին ստորագրվել է Ղրիմը եւ Սեւաստոպոլ քաղաքը Ռուսաստանի կազմում ընդգրկելու պայմանագիրը: