Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի բնակիչներ Մարինե եւ Արման Ղ.-երը մեղադրվում են Օվսաննա Բ.-ին ծեծի ենթարկելով ինքնիրավչություն անելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Մարինեն եւ Արմանը Գուրգեն Կ.-ին խոզի խոճկորներ են վաճառել եւ վերջինիս կողմից գումարը պայմանավորված ժամկետում չվճարելու համար գնացել են Գուրգենի կնոջ՝ Օվսաննա Բ.-ի տուն եւ պահանջել այն: Տեսնելով, որ չեն պատրաստվում խոզի խոճկորների գումարը տալ՝ ամուսինները բռնություն են գործադրել եւ ինքնակամ վերցրել Օվսաննայի համակարգիչն ու հայտարարել, որ այն կվերադարձնի միայն պարտքը մարելուց հետո: Օվսաննան փորձել է թույլ չտալ վերցնել համակարգիչը, սակայն Մարինեն եւ Արմանը հարվածել են վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով առողջական թեթեւ վնասվածք: Վիճաբանությունը շարունակվել է, եւ ամուսինները ծեծել են Օվսաննա Բ.-ին:
Մարինե եւ Արման Ղ.-երին մեղադրանք է առաջադրվել է Քրեական օրենսգքրի 322-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը քննվում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Այն ընդունվել է վարույթ, սակայն դատական նիստի օրը դեռ նշանակված չէ:



























