Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այսօր՝ մարտի 24-ին, հանձնարարել է Կոմիտասի անվան զբոսայգու ողջ տարածքը բարեկարգելու նպատակով  ներկայացնել նախագիծ-նախահաշիվ:

Երեւանի գլխավոր ճարտարապետը զեկուցել է, որ, քաղաքապետի հանձնարարությամբ, մայրաքաղաքի փոքր կենտրոնի երթեւեկը բեռնաթափելու նպատակով ուսումնասիրվել եւ քայլեր են ձեռնարկվում Տերյան փողոցի շարունակությունը հանդիսացող Անտոն Քոչինյանի փողոցի, ինչպես նաեւ դեպի Բուզանդի փողոց ձգվող Անրի Վեռնոյի փողոցի հատվածները երթեւեկելի դարձնելու ուղղությամբ: 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի երթեւեկի բեռնաթափման համատեքստում հանձնարարել է գույքագրել եւ ուսումնասիրել խորհրդային տարիներին նախաձեռնված անավարտ ճանապարհային հատվածներն ու քայլեր ձեռնարկել դրանց հնարավոր շահագործման ուղղությամբ:

Սեփականատերերի կողմից իրենց պատկանող տարածքների մաքրման ու պատշաճ վիճակի բերման աշխատանքների մասով զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում 10 տարածք սեփականատերերի կողմից իրենց միջոցներով մաքրվել եւ բերվել է համապատասխան տեսքի: Քաղաքապետը հանձնարարել է խիստ հսկողություն սահմանել նաեւ վարձակալների կողմից տնօրինվող տարածքների մաքրման եւ բարեկարգման ուղղությամբ տարվող աշխատանքների նկատմամբ:

Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաեւ գնումների գործընթացում հաղթող ճանաչված կազմակերպությունների կողմից կատարվող աշխատանքների որակի նկատմամբ խիստ հսկողությունն իրականացնել դրանց մեկնարկից սկսած. «Պետք է որդեգրել աշխատանքային այս մոտեցումը, ինչն, անշուշտ, առավել արդյունավետ կդարձնի թե՛ վերահսկողության կազմակերպման ապահովումը, եւ թե՛ կազմակերպությունների կողմից աշխատանքների պատշաճ կատարումը», - ընդգծել է քաղաքապետը:

Հանձնարարվել է նաեւ ամենօրյա հսկողության տակ պահել քաղաքաքացիների կողմից ստացվող դիմումներին սահմանված ժամկետում պատասխանների տրամադրման գործընթացը:

Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաեւ նախապատրաստական աշխատանքներ տանել ՀՀ սահմանամերձ գոտիներում երեւանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողների, մասնավորապես, սոցիալապես անապահով ընտանիքների՝ մայիսին զորամասեր այցելությունները կազմակերպելու ուղղությամբ: