Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր՝ մարտի 24-ին,  Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին է ներկայացրել բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Գալստյանին` հույս հայտնելով, որ նոր ղեկավարի օրոք եւս բուհը կշարունակի կյանքի կոչել այն ծրագրերը, որոնցով բուհն աչքի է ընկել վերջին տարիներին:

Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել բուհի նախկին ռեկտոր Հովհ. Թոքմաջյանին` արդյունավետ աշխատանքի համար`ընդգծելով, որ վերջինիս պաշտոնավարման ընթացքում բուհն արձանագրել է բազմաթիվ հաջողություններ, որը գնահատել են նաեւ համալսարանի արտասահմանցի գործընկերները: «Համոզված եմ, որ բուհը պետք  է շարունակի իր աշխատանքային ուղին. ինչ էլ փոխվի բուհի ենթակառուցվածքային կամ իրավական առումով, բովանդակային փոփոխությունները միտված են լինելու բացառապես այն խնդիրներին, որով աչքի է ընկել բուհը:  Այդ առումով` մեծ շնորհակալություն համալսարանի  կոլեկտիվին: Ուզում եմ նշել նաեւ, որ բուհը պատվով է դուրս գալիս եվրոպական հավատարմագրման գործընթացից. այդ մասին է վկայում ֆրանսիական հավատարմագրային գործակալության զեկույցը, եւ մենք հույս ունենք, որ շուտով կունենանք եվրոպական ամենախիստ չափանիշներին համապատասխան գործընթաց, որը կավարտվի փաստաթղթային ամրապնդմամբ»,-նշել է Ա. Աշոտյանը` անդրադառնալով նաեւ Հայաստանի պետական ճարտարագիտական եւ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանների հնարավոր վերամիավորման խնդրին:

Ըստ նախարարի` ՀՀ վարչապետի հանձնարարականով ձեւավորվել է աշխատանքային խումբ` նախարարության ստորաբաժանումների ներկայացուցիչների, ինչպես նաեւ երկու բուհերի ռեկտորների եւ ուսանողների մասնակցությամբ՝ բուհերի միավորման գործընթացը նախապատրաստելու նպատակով: «Աշխատանքային խմբի առջեւ դրված է երկու նպատակ. նախ` կանխատեսել միասնական բուհի ստեղծման պարագայում ինչ վարչական, կրթական համակարգեր կունենանք, կանխատեսել կադրային հոսքերի տեղաբաշխումը, մասնագիտությունների խոշորացման եւ առհասարակ կրթական գործընթացի կազմակերպումը: Երկրորդ`  համապատասխան կանխատեսում ունենալու դեպքում մանրամասն քննարկել բուհերի եւ ուսանողների հետ, նախագիծը դնել հրապարակային քննարկման եւ նոր միայն ներկայացնել ՀՀ կառավարության որոշման: Մենք ուզում ենք, որ գործընթացը լինի արագ, բայց ոչ ի հաշիվ որակի, ոչ մի արհեստականացում. միայն նպատակային եւ բնական զարգացում: Ուզում եմ մեկ անգամ եւս շեշտել` բոլոր շահառուների ներկայացումը քննարկվող հարցում պարտադիր է»,-նշել է նախարարը` վերոնշյալ հարցում կարեւորելով նաեւ մասնավոր հատվածի, աշխատաշուկայի ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների, Ճարտարապետների միության եւ այլ նմանատիպ կառույցների կարծիքը:

Բուհի նախկին ռեկտոր Հովհ. Թոքմաջյանը իր երախտիքն է հայտնել բուհի կոլեկտիվին`նշելով, որ համալսարանում հավաքված են ազնիվ եւ պրոֆեսիոնալ մարդիկ, որոնց միավորել է թիմային աշխատանքն ու ընդհանուր նպատակներին հասնելու ձգտումը:

Բուհի ժամանակավոր պաշտոնակատարն իր հերթին շնորհակալություն է հայտնել կառավարությանը` ընձեռված վստահության համար` հավաստիացնելով, որ իր օրոք եւս բուհը կշարունակի բռնած ուղին: