Դերասան Վարդան Պետրոսյանի ընտանիքը առայժմ չի ցանկանում արձագանքել տուժող Հակոբյանների ընտանիքի նամակին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Նա նշեց, որ վաղը ասուլիս են հրավիրել, որտեղ վերջապես կներկայացնեն վթարի մոդելավորումը, թե այն ինչպես է եղել: Դրանից բացի՝ նրանք կպատասխանեն նաեւ բոլոր հարցերին, այդ թվում՝ Հակոբյանների նամակում բարձրացված դիտարկումներին:

Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանի գործով տուժող Հակոբյանների ընտանիքը բաց նամակ է ուղարկել դերասանին, որում, մասնավորապես, ասվում է. «Ետ բեր մեր տղաներին եւ հեռացիր մեր ճանապարհից: Այս անգամ ձեր արտիստիզմը չփրկեց ձեզ, դուք ավելի բարդացրիք ձեր վիճակը՝ ստեղծելով ձեր չարաբաստիկ եռյակ միությունը՝ Վարդան, Աշխեն, Կոլյա:

Այնպիսի տպավորություն է, ոնց որ պարտք էինք ձեզ մեր տղաներին: Ինչ է, մտածում եք՝ ձեր երեխաներից վա՞տն էին: Այո, կարող ենք նաեւ սպառնալ: Ձագերին կորցրած վիրավոր գազանների ենք վերածվել:

Բազմիցս ասել եք, որ դուք կիսում եք մեր վիշտը: Փաստորեն դա ակնհայտ սուտ է, քանի որ սգալու փոխարեն դուք ընդամենը զբաղված եք եղել ֆիքսելով հանդիպման օրերը, ժամերը, վայրերը: Մենք ձեզ վաղուց հանձնել ենք Աստծո դատին»: