Խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի շրջանակներում քննարկվելիք հարցերն առաջարկում եմ պատգամավորների անունից՝ ուղարկել համապատասխան մարմիններին: Այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, ԱԺ նիստում հայտարարեց խորհրդարանի ղեկավար Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով 4 խմբակցությունների ներկայացրած օրինագծին, որով նախատեսվում է ստեղծել

եւս մեկ ժամանակավոր հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի Երեւանի քաղաքապետարանի կողմից 2012-13 թթ-ին բնակչության եւ տնտեսվարող սուբյեկտների կողմից լրացուցիչ վճարների ու տուգանքների գանձման գործընթացը` արագաչափերի, վճարովի ավտոկանգառների, չշահագործվող ավտոմեքենաների տուգանքների եւ այլ միջոցներով թաքնված հարկային բեռի ավելացման հիմնավորվածությունն ու հետեւանքները:

Աբրահամյանի խոսքով՝ այն բանից հետո, երբ սահմանված ժամկետներում պատասխաններ կստացվեն, խորհրդարանում կկազմակերպվեն լսումներ:

«Մինչ այդ լսումները, բոլոր այն հարցադրումները, մտահոգությունները, որ այսօր կան հանրության մեջ, բոլորի պատասխաններն այստեղ մենք ունենանք գրավոր, կազմակերպենք լսումներ՝ առանց ժամկետի սահմանափակման, եթե պետք է՝ երկու լսում կազմակերպենք, բոլոր պատկան մարմինների ներկայությունը ես կապահովեմ, որ փորձենք ստանալ առկա բոլոր հարցերի պատախասխանը: Կարծում եմ՝ այս ձեւաչափը լավն է, առաջարկում եմ ձեզ՝ որպես հիմնական զեկուցող, գալ համաձայնության եւ այդ ընթացակարգով աշխատել: Դա ճիշտ կլինի խուսափել շահարկումներից, որքան էլ էդ բառը չեք սիրում, ես, որպես ԱԺ նախագահ, խոստանում եմ ապահովել արդյունավետ լսումներ, սա է իմ առաջարկը, խնդրում եմ՝ քննարկեք եւ տաք պատասխան»,- նշել է Աբրահամյանը: