Արմավիր քաղաքի 55-ամյա բնակիչ Շոթա Մ.-ն մեղադրվում է Հայկ Դ.- դեմքին խոհանոցային դանակով հարվածներ հասցնելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Դեպքը տեղի է ունեցել այս տարվա հունվարի 1-ին առավոտյան ժամը 06:30-ի սահմաններում: Շոթան իր հարեւանուհու՝ Սուսաննա Ա.-ի տանը նշել է Ամանորը: Սեղանի շուրջ իր բաժակաճառը չլսելու պատճառով Շոթան վիճաբանել է Սուսաննայի որդիների՝ Արմենի եւ Էդվարդի հետ, ինչպես նաեւ նրանց ընկերներ՝ Հայկ Դ.-ի եւ Դավիթ Դ.-ի հետ: Վիճաբանության ընթացքում Շոթան իր ձեռքի տակ եղած խոհանոցային դանակով հարվածել է Հայկի դեմքին՝ պատճառելով թեթեւ մարմնական վնասվածք:
Շոթա Մ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը քննվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Այն ընդունվել է վարույթ, սակայն դատական նիստի օրը դեռ նշանակված չէ:



























