Հայաստանում կավատությամբ զբաղվելու համար մեղադրվող, 34-ամյա իրանցի Մոհամադ Զարեհին այսօր՝ մարտի 24-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկող հայցով դատական նիստին հայտարարեց, որ հրաժարվում է հանրային պաշտպանից, եւ այսուհետեւ իրեն պաշտպանելու է մասնավոր փաստաբան։
Այս հայտարարությունը կասկածելի թվաց նիստը վարող դատավորին եւ նա հարցով դիմեց մեղադրյալին, թե արդյոք նրա ֆինանսական դրության մեջ փոփոխություն է եղել, քանի որ նա գումար չունենալու պատճառով էր սկզբում օգտվել հանրային պաշտպանի ծառայություններից։
«Հարգելի դատարան, Զարեհին ասում է, որ իր ֆինանսական վիճակը չի փոխվել, սակայն իր ընկերները Իրանից գումար են ուղարկել փաստաբան վարձելու համար»,- Զարեհի խոսքերը փոխանցեց թարգմանչուհին։
Մեղադրյալի նոր փաստաբան Սիրուշ Աղվանյանը կարծիքով՝ առաջին ատյանի դատարանի որոշումը՝ 3 տարի ազատազրկման դատապարտել իր պաշտպանյալին, անհիմն է, եւ դատարանը կարող էր պայմանական ազատազրկում կիրառել։
«Հույս ունենք, որ դատարանը կբեկանի որոշումը եւ կփոխի դատավճիռը, քանի որ նախադեպային որոշումներ կան նման դեպքերով»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանը։
Նշենք, որ Վերաքննիչում այսօր բողոքարկում էր առաջին ատյանի դատարանի որոշումը, որով Մոհամմադ Զարեին դատապարտվել էր 3 տարի ազատազրկման՝ մարմնավաճառությամբ զբաղվող Դիանա Հայրապետյանի, Մարգարիտա Հարությունյանի, Նաիրա Մնացականյանի, Արմինե Բարսեղյանի, Մարիա Ամիյանի, Թեհմինե Առաքելյանի և Գոհար Աբրահամյանի հետ համաձայնության գալու եւ նրանցից 5000-ական դրամ միջնորդավճար պահելոով՝ իրանցի տղամարդկանց հետ ծանոթացնելու եւ նրանց հետ սեռական հանդիպումներ կազմակերպելու համար։
Դատական նիստը հետաձգվեց փաստաբանի՝ նյութերին ծանոթ չլինելու պատճառով։ Դատական հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 8-ին։











