Ադրբեջանի ԱԳՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին հիշեցրել է նրա անմիջական պարտականությունների մասին:

«ԱՄՆ, ինչպես նաեւ Ռուսաստանի ու Ֆրանսիայի պարտականությունները Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ հակամարտության վերաբերյալ միջնորդական առաքելություն իրականացնելն է: Բացի այդ, համանախագահ-երկրների պարտականությունների մեջ է մտնում արդարության վերականգնումը»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլաեւը, հաղորդում է haqqin.az-ը:

«Համանախագահ-երկրների հաղորդագրությունը պետք է հետեւյալը լինի. Հաշվի առնելով այն, որ հակամարտության կարգավորումը զգայուն շրջանփուլում է, Ջեյմս Ուորլիքը պետք է զգույշ լինի արտահայտությունները ընտրելիս՝ կապված հակամարտության կարգավորման հետ: Չէ՞ որ խոսքը միջազգային իրավունքի խախտման մասին է, ինչպես նաեւ հումանիտար ողբերգության, որի հետ բախվել են ադրբեջանցիները»,-գրել է Աբդուլաեւը:

Ջեյմս Ուորլիքի գրառումը Twitter-ում, առաջացրել է ադրբեջանցի պաշտոնյայի կատաղությունը: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր Հաագայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին՝ ԼՂ-ում երկարատեւ խաղաղության հասնելու որոնումների նպատակով: 
Մի քանի ժամ անց նա հստակեցրել է. «Ինձ այսօր ուղղեցին. Հակամարտություն Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ: Այդուհանդերձ, մենք խաղաղ կարգավորում ենք ուզում Լեռնային Ղարաբաղի բոլոր կողմերի համար»:
Ամերիկացի համանախագահը ավելի ուշ դրական է գնահատել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, գրելով. «Համատեղ աշխատանքի դեպքում երկարատեւ խաղաղությունը հնարավոր է դառնում»:

Հիշեցնենք, որ համանախագահները բազմիցս հայտարարել են բանակցային գործընթացի ձեւաչափի փոփոխության եւ Լեռնային Ղարաբաղին ներգրավելու անհրաժեշտության մասին, որին միշտ ընդդիմացել է Ադրբեջանը: