Մենք դեմ չենք Խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի առաջարկին՝ ԱԺ-ում լսումներ անցկացնելու վերաբերյալ, սակայն միայն այն բանից հետո, երբ կայանա ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հարցով քվեարկությունը, որը պետք է ուսումնասիրի Երևանի քաղաքապետարանի կողմից 2012-13 թթ-ին բնակչության և տնտեսվարող սուբյեկտների կողմից լրացուցիչ վճարների ու տուգանքների գանձման գործընթացը` արագաչափերի, վճարովի ավտոկանգառների, չշահագործվող ավտոմեքենաների տուգանքների և այլ միջոցներով թաքնված հարկային բեռի ավելացման հիմնավորվածությունն ու հետևանքները: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

«Եթե դուք խորհրդարանական մեծամասնությամբ տապալեք նախաձեռնությունը, ապա մենք դեմ չենք լսումների կազմակերպմանը: Դուք ասում եք, որ կհրավիրեք կառավարության անդամներին, սակայն Կառավարությունը ձեզնից չի վախենում, դուք ազդեցություն չունեք կառավարության վրա, իսկ վերջինս ձեր վրա ազդեցություն ունի: Իսկ մեզնից կառավարությունը վախենում է»,-ասել է Մանուկյանը:

Նրա ելույթից հետո խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է. «Ընդմիջումից հետո պարզ կլինի՝ վախենո՞ւմ է կառավարությունն ընդդիմությունից, թե ոչ»: