Ժամանակակից պետության կարեւորագույն խնդիրն արդյունավետ կրթական համակարգի ստեղծումն է: Այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, Ծաղկաձորում մեկնարկած «Կրթությունը, գիտությունը եւ տնտեսությունը բուհերում եւ դպրոցներում. ինտեգրում միջազգային կրթական տարածքում» թեմայով միջազգային գիտական կոնֆերանսի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարչապետը կարեւորել է նման միջոցառումների անցկացումը, քանի որ դրանք հնարավորություն են տալիս քննարկել առկա խնդիրները, լսել հեղինակավոր գիտնականների կարծիքները՝ հնարավոր մարտահրավերների վերաբերյալ: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ աշխարհում տեղի ունեցող արագ փոփոխությունների համատեքստում անհրաժեշտ է փորձել միասնաբար գտնել դրանց լուծման ուղիները՝ հնարավոր խնդիրներին լավագույնս դիմագրավելու համար:
Այդ առումով, վարչապետը ներկայացրել է ժամանակակից գիտության աջեւ ծառացած հիմնարար խնդիրներն ու կարեւորել դրանց լուծման ուղղությամբ նոր գործիքների մշակումն ու կիրառումը: «Այսօր տեղի են ունենում այնպիսի փոփոխություններ, որոնք հիմնարար կերպով փոխում են մարդկանց վարքագիծը: Մտագործունեությունը եւ նոր գիտելիքների կիրառումը դառնում է առաջնայնություն: Դա նշանակում է, որ կրթության համակարգը պետք է գործի՝ համաձայն արագ փոփոխությունների: Արդյունավետ կրթական համակարգի ստեղծումը ժամանակակից պետության կարեւորագույն խնդիրն է: Եթե կարողանանք կառուցել այն, ապա մի քանի տարի հետո կունենանք ժամանակակից հասարակություն»,- ասել է վարչապետը:
Տիգրան Սարգսյանի խոսքով, կառավարության կարեւորագույն գործառույթներից մեկն էլ քաղաքացիների գործունեության եւ առկա ներուժի ինքնաիրացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումն է: Այդ տեսակետից, վարչապետն ավելացրել է, որ նշված պայմանների ստեղծման հնարավորությունը մեր երկիրը տեսնում է նաեւ Եվրասիական միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու մեջ, քանի որ Մաքսային միության անդամ երկրների խնդիրները, աշխարհընկալումը եւ արժեքները նույնն են:
«Մենք վստահ ենք, որ մեր ջանքերի միավորումը կբերի լավագույն հաջողությունների: Ինտեգրացիոն ծրագրերի իրականացման նպատակներից մեկն էլ քաղաքացիների միջեւ շփումների խթանումն է»,- ասել է կառավարության ղեկավարը:
Տիգրան Սարգսյանի խոսքով՝ Եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին միանալու Հայաստանի որոշումը պայմանավորված է բազմաթիվ գործոններով: «Այդ որոշման հիմքում ընկած են մեր երկրների եւ ժողովուրդների մշակութային առանձնահատկությունները, ազգային անվտանգության հարցերը, տնտեսական արդյունավետությունը եւ այլն: Մենք հաշվի ենք առել բազմաթիվ գործոններ»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:
Այնուհետեւ վարչապետը պատասխանել է կոնֆերանսի մասնակիցների մի քանի հարցերի:
Նշենք, որ մարտի 24-29-ն անցկացվող միջոցառմանը մասնակցում են գիտնականներ՝ Լեհաստանից, Լատվիայից, Հունաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Ղազախստանից, Ռուսաստանից եւ այլ երկրներից:



































