Շիրակի մարզի Ախուրյան գյուղի 29-ամյա Նաիրա Շահբազյանը գլխուղեղի ուռուցք ունի եւ նրան անհապաղ բուժում է հարկավոր արտասահմանում:

«Նաիրաս շատ առողջ երեխա է եղել, առողջական որեւէ խնդիր չի ունեցել: 15 տարեկանում սկսեց գլխացավ ունենալ, ես էլ տարա բժշկի, բայց բժիշկները որեւէ հստակ ախտորոշում չտվեցին: Մինչեւ անցյալ տարի նրա մոտ գլխացավը շարունակական բնույթ էր կրում, բայց ամեն անգամ բժիշկները տարբեր եւ ոչ հստակ ախտորոշումներ էին տալիս: Անցյալ տարի` 2013 թ. դեկտեմբերին, Նաիրայի մոտ վիճակն առավել սրվեց, ինչի արդյունքում թուլացան աջ ձեռքը եւ աջ ոտքը: Հերթական անգամ դիմեցինք բժիշկների օգնությանը, եւ նրանց խորհրդով նկարեցինք Նաիրայի գլուխը: Ախտորոշումը սարսափելի էր. պարզվեց, որ նրա գլխուղեղի ձախ կիսագնդի խորանիստ շրջանում գոյացություն (ուռուցք) կա», - NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Նաիրայի մայրը` Անահիտ Շահբազյանը:

Այս տարվա հունվարի 7-ին Նաիրա Շահբազյանը Երեւանի III մանկական կլինիկայում վիրահատվել է, ճառագայթային բուժման կուրս անցել, սակայն դա բավարար չէ հիվանդության լիարժեք հաղթահարման համար: Այնուամենայնիվ, Նաիրայի առողջությունը չի կարող  լիարժեքորեն վերականգնվել Հայաստանում` բուժման համար անհրաժեշտ բուժօգնության եւ դեղամիջոցների բացակայության պատճառով:

«Ես չգիտեմ՝ ում դիմեմ, ինչ անեմ, որ փրկեմ քրոջս կյանքը: Վիրահատությունից հետո Նաիրայի վիճակը կարծես թե կայուն է, սակայն նրան հետվիրահատական բուժում է անհրաժեշտ, որը մեր երկրում հնարավոր չէ: Անգամ բնակարան չունենք, որ վաճառենք եւ հոգանք արտերկրում հետվիրահատական բուժում ստանալու համար անհրաժեշտ ծախսերը», - ասաց Նաիրայի եղբայրը` Լեւոն Շահբազյանը՝ նշելով, որ քույրը հիվանդության մասին ոչինչ չգիտի:

Նաիրայի բուժման համար «Յունիբանկ»-ում հաշվեհամար է բացվել՝

24100276846300 AMD- դրամ

24100276846302 EUR-Եվրո

24100276846301 USD-ԱՄՆ դոլար