Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարում է կանադացի բարձրաստիճան պաշտոնյաների, խորհրդարանականների եւ հասարակական գործիչների հանդեպ պատժամիջոցների կիրառման մասին: Նման որոշումը պայմանավորված է Ուկրաինայում եւ Ղրիմում ստեղծված իրավիճակի ենթատեքստում մի շարք  ռուս պաշտոնյաների, Դաշնային Խորհրդի պատգամավորների նկատմամբ պատժամիջոցների սահմանմամբ Կանադայի կառավարության կողմից: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:

Ցուցակում ընդգրկվել է 13 անձ, որոնց թվում են արտաքին քաղաքականության եւ պաշտպանության հարցերով վարչապետի խորհրդական Քրիստիան Հոգանը, Գաղտնի խորհրդի աշխատակից, վարչապետի աշխատակազմի ղեկավար Ուեյն Վութերսն եւ այլոք, հաղորդել է դիվանագետը:

Ռուսական կողմն առաջվա պես պատրաստ է Կանադայի հետ արդար ու կառուցողական համագործակցության, սակայն ոչ բարեկամական գործողություններին համապատասխան կերպ է արձագանքելու, հավելել են ԱԳՆ-ում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: