«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ մարտի 24-ին հանդիպել է այն տաքսու վարորդների հետ, ովքեր բաց նամակով բարձրաձայնել էին իրենց խնդիրների մասին:

«Աշխատող մարդուն պետք է ոչ թե խանգարել, այլ աջակցել ու խրախուսել: Շատ բան պետք չէ՝ պայման, հնարավորություն, արդարություն, մրցակցություն»,-համոզված է Գագիկ Ծառուկյանը:

ԲՀԿ առաջնորդը լավ գիտի բոլոր ոլորտներում առկա խնդիրների մասին. այստեղ գտնվող տաքսիստների պես շատ-շատերն են օրվա ապրուստը վաստակելու փոխարեն, բանկերի բարձր տոկոսները մարելու մասին մտածում: Հանդիպման ընթացքում արծարծված խնդիրները բազմաթիվ են: Կայանատեղերի բացակայություն, արագաչափ սարքեր, մեկը մյուսին հաջորդող խոշոր տուգանքներ. սրանք խնդիրներ են, որոնք տաքսիստների համար արդեն գլխացավանք են դարձել: Տաքսու վարորդներին հատկապես մտահոգում է այդպես էլ չբարեփոխված օրենքի բացակայությունը: Դեռ մեկ տարի առաջ կառավարությունը խոստացել էր հարցին շուտափույթ լուծում տալ, բայց սայլը մինչեւ այսօր տեղից չի շարժվել: «Որքան էլ դժվար ու բարդ լինեն խնդիրները, միեւնույն է, դրանք բոլորը լուծելի են. հարկավոր է միայն կամք ու վճռականություն: Ոչ ոք մեր փոխարեն մեր խնդիրները չի լուծելու: Եթե համախմբվեն երկրի ճակատագրով մտահոգ ուժերն ու անհատները, բոլոր դժվարություններն էլ հնարավոր կլինի հաղթահարել»,-վստահ է Գագիկ Ծառուկյանը:

«Բերում, էս մեր քյասիբ երկրում եսիմ ինչ օրենքներ են դնում, սա տուգանային հանրապետություն է»,- բողոքում էին տաքսիստները:

Ծառուկյանը խոստացել է բոլոր հարցերին տալ լուծումներ: