Հայաստանի ԶՈւ պատրաստության պլանի համաձայն` ՀՀ ՊՆ վարչական համալիրում մարտի 24-ին մեկնարկել է ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հավաքի նպատակներն են` բարձրացնել եւ կատարելագործել օպերատիվ շտաբերի սպաների գիտելիքներն ու ունակությունները ռազմավարության, օպերատիվ արվեստի բնագավառներում, ՀՀ պաշտոնատար անձանց հետ հանդիպումների եւ նրանց կողմից ընթերցվող դասախոսությունների միջոցով ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմին ծանոթացնել ՀՀ արտաքին եւ ներքին քաղաքականությանը, պաշտոնատար անձանց մոտ ձեւավորել միասնական պատկերացումներ զորքերը մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերելու եւ հիմնավորված որոշումներ ընդունելու վերաբերյալ:
Հավաքի ընթացքում դասախոսություններով հանդես են եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալներ Դավիթ Տոնոյանը եւ Արա Նազարյանը: Դասախոսությունները վերաբերել են տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակին եւ տարածաշրջանային անվտանգությանը, ներքին եւ արտաքին քաղաքականության ոլորտներին, ռազմավարական զարգացման խնդիրներին:
Օպերատիվ հավաքը կշարունակվի մինչեւ մարտի 27-ը:
































