«Հարսնաքարի» գործով  դատավճիռը արդարացի չէր, պատասխանատվության պետք է ենթարկվեր նաեւ ռեստորանային համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանը: Լրագրողների հետ զրույցում այսօր՝ մարտի 24-ին Ավան և Նոր-Նորք համայնքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի հրապարակած վճռից հետո նման կարծիք հայտնեց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ ըստ դատավճռի, գործով 6 ամբաստանյալների նկատմամբ սահմանվեց 12-ական տարվա ազատազրկում եւ 100.000-ական դրամ տուգանք:

«Կոնկրետ Ռուբեն Հայրապետյանը դուրս մնաց այս մեղադրանքի շրջանակից, ինքը որեւէ պատասխանատվություն չկրեց, բայց չէ՞ որ նրան էր պատկանում «Հարսնաքար» ռեստորանային համալիրը, որտեղ եւ տեղի է ունեցել միջադեպը: Եթե արդարության սկզբունքով եք ուզում նայել, շատերը պետք է այստեղ պատասխանատվության ենթարկվեին»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը:

Ըստ նրա՝ 12 տարվա ազատազրկումը ամբաստանյալների համար անակնկալ էր, նրանք ավելի մեղմ պատիժ էին ակնկալում.«Նրանք հույս ունեին, որ իրենց տերը՝ Ռուբեն Հայրապետյանը կօգներ իրենց, կնվազեցներ պատիժաչափը, բայց դա չեղավ, եւ այս բուռն արձագանքը դատարանում կարծում եմ դա էր ցույց տալիս»։

«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը եւս գոհ չէր դատավճռից. նրա կարծիքով, Դավիթ Հարությունյանի կայացրած վճիռը կիսով չափ էր արդարացի:

«Բոլորը ստացան հավասարաչափ՝ 12 տարվա պատիժ, կոնկրետ բացահայտում չեղավ, պարզ չեղավ, թե ով է կատարել սպանությունը: Ըստ էության, այս գործը կոծկվել է հենց սկզբից, այն դատարան է մտել արդեն իսկ որոշակիորեն կոծկված»,- նշեց Դավիթ Սանասարյանը:

Հիշեցնենք, որ մեղադրողը 13 տարվա ազատազրկում էր պահանջել ամբաստանյալների համար։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր 2012թ. հունիսի 17-ին, ժամը 23:00-ի սահմաններում, այդ ընթացքում ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում դաժանորեն ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանցից մեկը՝ Վահե Ավետյանը, հունիսի 29-ին հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել էր: Հարուցված քրգործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել 6 մարդու՝ Արման Խաչատրյանին, Նորայր Հայրապետյանին, Գարիկ Մարգարյանին, Արման Բաղդասարյանին, Դավիթ Ադամյանին եւ Արթուր Բաբլոյանին, որոնց թվում են նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները: