Համացանցում տարածվել է Eric Clapton-ի «Tears In Heaven» երգը՝ 

Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի կատարմամբ, որը մեծ քննարկումների է արժանացել: Էդգար Ղազարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ այս կատարումը Ջերմուկում՝ դիվանագետների ակումբի ճաշկերույթի ժամանակ է ներկայացրել:

Հարցին, թե հարսանիքների, կնունքի, ծննդի նվագելու հրավեր չկա, մարզպետը ծիծաղելով պատասխանեց. «Չէ, ցավոք, չկա», այնուհետեւ հավելեց, որ միայն ընտանեկան միջավայրում է նվագում, պատահական միջոցառումների չի մասնակցում: «Ես սիրողական մակարդակի նվագում եմ իմ ընտանիքի, հարազատների, ընկերների համար, ուղղակի սիրում եմ ազատ ժամանակ նվագել: Պրոֆեսիոնալ երաժշտության մեջ իմ ունակությունները շատ համեստ են»,- ասաց մարզպետը:

Էդգար Ղազարյանն ավարտել է Ջերմուկի երաժշտական դպրոցը, բայց երբեւէ չի մտածել շարունակել ուսումը այդ ուղղությամբ: Նրա գերդաստանում հայտնի երաժիշտներ չկան, բայց տանն էլ միակ նվագող չէ, մարզպետի կինը, քույրերը եւս նվագում են, երեխաներից երկուսն էլ հաճախում են երաժշտական դպրոց: Դիտարկմանը, թե փոքրիկի օրորոցայիները ապահովում է մարզպետ հայրիկը, Էդգար Ղազարյանն ասաց, որ մայրիկն է ապահովում, իր կատարումներն էլ չի ձայնագրում նրանց համար, որ նրանց ճաշակը չփչանա:

Մարզպետը կատարում է տարբեր ժանրերի երաժշտություն՝ կախված միջավայրից, ամենաշատը նվագում է տանը, պաշտոնյաների հետ խնջույքի նվագելու առիթ չի եղել: Նա սիրում է կատարել հայ հեղինակ կատարողների երգերը, ՀՀ օրհներգը: Թե որն է իր լավագույն կատարումը, Էդգար Ղազարյանը չնշեց, ունկնդիրների կարծիքը եւս չգիտի: Նա առայժմ չի մտածում համերգ տալու, ձայնասկավառակ թողարկելու մասին, քանի որ զբաղված է, բայց խոստացավ՝ առիթի դեպքում մտածել: