Մայրաքաղաքի հարավ-արևմտյան մասում՝ Սարի թաղում, այսօր՝ մարտի 24-ին , ժամը 15:00-ի սահմաններում, տնամերձ այգիներում չորացած խոտից բռնկված ուժեղ հրդեհի հետեւանքով այրվել են ծաղկած մրգատու ծառեր:

Սարի թաղի բնակչուհի Հռիփսիմե Համբարձումյանը NEWS.am-ին ասաց, որ հրդեհի պատճառը արեւն է:

«Ամեն տարի այսպես  է լինում, տարին մի քանի անգամ, առաջին դեպքը չի: Չոր ղամիշից է: Հրդեհը արեւից ու քամուց է լինում: Բնակչությունը հանգցնում է, մի քանի անգամ է, ինչ փրկարար ծառայությունն է գալիս հանգցնում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հռիփսիմե Համբարձումյանը:

Բնակիչները պատմեցին, որ կրակը բռնկվել է հանկարծակի եւ շատ արագ տարածվել «Քամին խփեց, կրակը թռավ: 30  մետրից ավելի էր կրակը, սկզբում վախեցել էինք, կարծում էինք՝ տուն է վառվում»։

Ահազանգից մոտ տասը րոպե անց հրշեջները դեպի վայրում էին, մոտ կես ժամ անց նրանց  հաջողվեց մարել կրակը:

ՀՀ ԱԻՆ-ի հաղորդմամբ, մարտի 23-24-ը ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում բազմաթիվ ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ, մասնավորապես, Երևանում այրվել է 67 քմ։