Դրամի արժեզրկումը շաբաթվա վերջին անխուսափելի կլինի, որն էլ իր հերթին կվատթարացնի երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ ներկայացուցիչ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը:

«Իրանից ժամանած պարսիկների շնորհիվ դրամը դեռ չի արժեզրկվում, սակայն այսպես կլինի եւս մի քանի օր, իսկ շաբաթվա վերջին այն արդեն անխուսափելի կլինի»,- ասաց նա:

Վահագն Խաչատրյանի խոսքով՝ դրամի արժեզրկման եւ առհասարակ հայկական տնտեսության վրա ազդում է Ռուսաստանում առկա տնտեսական իրավիճակը, հատկապես որ տնտեսությունը «պատերազմ չի սիրում»:

«2014թ. Ռուսաստանի համար կանխատեսվում էր վատ տարի, իսկ հիմա երբ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվում, իրավիճակն ավելի է վատթարանում: Սա չի կարող ուղղակիորեն եւ անուղղակիորեն չազդել հայկական տնտեսության վրա, հատկապես կազդի մասնավոր տրանսֆերտների վրա, որոնք մեր տնտեսության մեջ էական դեր ունեն»,- նշեց Երեւանի նախկին քաղաքապետը:

Անդրադառնալով հայկական բյուջեին՝ տնտեսագետն համոզմունք հայտնեց, որ Հայաստանի բյուջեում ճեղքեր կան. «Հիմա ես արդեն տեղեկություններ ունեմ, որ շատ աշխատողների երկու ամսվա աշխատավարձերը չեն տվել, իսկ չեն տալիս, որովհետեւ բյուջեում այդքան գումար չկա»:

Բյուջեում առկա խնդիրները լուծելու համար էլ թերեւս ներդրվել է կուտակային կենսաթոշակային նոր համակարգը:

«Իհարկե, համոզված չեմ կարող ասել, բայց եթե օրենքը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչվի, ապա մենք իսկապես լուրջ խնդիրների առաջ կկանգնենք»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ մարտի 16-ին Ղրիմում անցկացվել է հանրաքվե, որի արդյունքում ընտրողների 96 տոկոսը կողմ է արտահայտվել ՌԴ-ին Ղրիմի միացմանը: Ավելի ուշ Ռուսաստանն ու Ղրիմը համապատասխան պայմանագիր են կնքել: Ուկրաինան, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն չեն ճանաչում Ղրիմի հանրաքվեն եւ տարածքների միացումը: Հանրաքվեի պատճառով մարտի 20-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին: Մեկ օր անց Կանադան պատժամիջոցներ է ընդունել Ռուսաստանի ու Ղրիմի պաշտոնյաների դեմ: Եվրոպական մի շարք երկրներ նույնպես պատժամիջոցներ են կիրառել: