«Հարսնաքարի» գործով դատավճռից բավարարված լինելու մասին խոսելն ավելորդ է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հարսնաքարի» գործով Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը։ Ներկայացնում ենք նրա հետ հարցազրույցը։
-Պարոն Եգորյան, որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ՝ կցանկանայի իմանալ՝ սպասելի՞ էր ձեզ համար նման դատավճիռը, թե՞ ոչ:
Մեզ համար, եթե հետեւել եք լուսաբանումներին, կանխատեսելի էր եւ՛ այսպիսի դատավճիռը, եւ՛ այնպիսի դատավճիռը, որի արդյունքում որոշ ամբաստանյալներ կարող էին ազատ արձակվել:
-Բավարարվա՞ծ եք արդյոք, որ ամբաստնյալները դատապարտվեցին 12 ազատազրկման:
Կարծում եմ, որ բավարարման մասին խոսելն ավելորդ է, սակայն ես կցանկանամ խոսել պատժի խստության եւ արդարության մասին: Տեսեք, եթե վերլուծենք զուտ առաջադրված մեղադրանքի շրջանակներում նշանակված պատժի մասին, ապա շատ կարծիքներ կարող եք լսել, որ այն անհամաչափ խիստ է եւ դատական պրակտիկայում բացառիկ, սակայն խիստ էական է այն հանգամանքը, որ կատարված արարքը ճիշտ չէր որակված դատախազության կողմից, ինչի հետեւանքով ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության համար մեղադրանք էր առաջադրվել ընդամենը ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու համար: Իսկ եթե այսօր նշանակված պատիժը դիտարկենք ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի տեսանկյունից, ապա 12 տարին վերոնշյալ արարքի համար նվազագույն պատժաժամկետն է:
-Որո՞նք են լինելու հետագա քայլերը, հնարավոր է բողոքարկեք վճիռը:
Այդ հարցին կպատասխանեմ դատավճռին ծանոթանալուց հետո:
-Կցանկանայի իմանալ նաեւ, թե նյութական եւ բարոյական վնասի փոխհատուցման հարցը ինչպե՞ս է լուծվելու, քանի որ այն դատարանը առանց քննության էր թողել:
Այո, դուք իրավացի եք։ Դատարանը ներկայացված քաղաքացիական հայցը թողեց առանց քննության, ինչն ուղղակի անթույլատրելի էր, հաշվի առնելով այն, որ ներկայացված մեղադրանքն ամբողջությամբ հաստատվեց դատարանի կողմից, իսկ ամբաստանյալներից մեկն էլ ընդունեց իր մասով հայցը, սա ուղղակի անհավանական որոշում էր, ինչը ուղղակիորեն հիմնավորում է ներպետական ատյանների անարդյունավետությունը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր 2012թ. հունիսի 17-ին, ժամը 23:00-ի սահմաններում, այդ ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում դաժանորեն ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանցից մեկը՝ Վահե Ավետյանը, հունիսի 29-ին վախճանվել էր հիվանդանոցում՝ առանց գիտակցության գալու: Հարուցված քրգործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել 6 մարդու՝ Արման Խաչատրյանին, Նորայր Հայրապետյանին, Գարիկ Մարգարյանին, Արման Բաղդասարյանին, Դավիթ Ադամյանին եւ Արթուր Բաբլոյանին, որոնց թվում են նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները: «Հարսնաքարի» գործով բոլոր մեղադրյալներին առաջին ատյանի դատարանը այսօր՝ մարտի 24-ին դատապարտեց 12-ական տարվա ազատազրկման եւ 100 000-ական դրամ տուգանքի։
Զրուցեց՝ Ինգա Մարտինյանը



























