«Ժամանակ» թերթը գրում է. «Ժողովրդագրական ցուցանիշը Հայաստանի համար շարունակում է մնալ ամենամեծ սպառնալիքը, ավելի մեծ սպառնալիք, քան, ասենք, որեւէ արտաքին թշնամի: Ժողովրդագրական խնդիրը Հայաստանում անդրադառնում է գրեթե բոլոր ոլորտների վրա, բոլոր հարթություններում:
Երբ այդ վտանգավոր վիճակագրական եւ բարոյահոգեբանական ցուցանիշների ֆոնին տեսնում ենք, թե ինչով է զբաղված երկրի իշխանությունը, ապա մնում է առնվազն միայն տարակուսել: Երկրում կա ծնելիության անկում, երկրում կա ժողովրդագրական լուրջ մարտահրավեր, արտագաղթի կամ արտագնա երկարատեւ աշխատանքի մեծ ծավալ, իսկ այդ ֆոնին իշխանությունը զբաղված է ներիշխանական հարաբերություններ պարզելով, երբ մեկը փորձում է իր իշխանությունը պահպանել, իսկ մյուսը փորձում է վերադառնալ իշխանության:
Հենց այս ամենի ֆոնին բացարձակապես համարժեք չի թվում ընդդիմադիր քաղաքական դաշտի պահվածքը: Ընդդիմությունը տարբեր ամբիոններից, տարբեր առիթներով հայտարարում է Հայաստանի լուրջ խնդիրների, այդ թվում՝ ժողովրդագրական ցուցանիշների անկման մասին, սակայն իր բուն գործունեությամբ, կարծես թե բացարձակապես ադեկվատ չէ իր իսկ բարձրացրած հարցերին, այլապես ընդդիմադիր դաշտում կլինեին երկրում ամբողջական եւ արմատական իշխանափոխության համախմբում, ոչ թե Տիգրան Սարգսյանի կառավարությանն անվստահություն հայտնելու պարզ եւ հեռուն գնացող պահանջի շուրջ «կոնսոլիդացիա»:
Քաղաքական տեխնոլոգիաների, քաղաքական մարտավարության տեսանկյունից այս պահանջը «հրաշալիների» համար գուցե կարեւոր է, սակայն խնդիրն այն է, որ այդ հարցը Հայաստանի համար ներկայումս իրականանալի չէ առանց ներիշխանական պայմանավորվածության, իսկ այդտեղ հասարակությունն անելիք չունի:
Ցավ է, որ երկրի համար բախտորոշ հարցերը կարծես թե չեն դառնում ընդդիմության համախմբման առանցք, չեն միավորում ընդդիմադիր դաշտը եւ դրանց լուծումների մասին առաջարկություններով ճնշում չեն առաջացնում իշխանության վրա՝ ստիպելով, որ, ներիշխանական ինտրիգների, իշխանական կարկանդակի համար պայքարի փոխարեն, իշխանությունը ձեռնամուխ լինի երկրում ժողովրդագրական ցուցանիշների արագ բարելավման գործին:»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում


























