Արցախում 22-ամյա զինծառայող Գառնիկ Թորոսյանի մահվան առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:

Նա նշեց, որ քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգքրի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է սպանությունը` ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով: Ձերբակալվածներ չկան, կատարվում է նախաքննություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր,  որ մարտի 24-ին, ժամը 09:50-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1992թ. ծնված Գառնիկ Վահանի Թորոսյանը: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Գ. Թորոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: