Բին Լադենի փեսա Սուլեյման աբու Ղեյթը Նյու Յորքի դատարանի առաջ կկանգնի: ԱՄՆ կառավարությունը վերջինիս մեղադրում է, որ նա աշխատել է որպես «Ալ-Քաիդայի» մամուլի քարտուղար ու դավադրության մեջ է եղել՝ ամերիկացիների սպանելու նպատակով: Աբու Ղեյթը նաեւ մեղադրանք է ներկայացվել ահաբեկիչների համար ռեսուրսներ ապահովելու ու նյութական աջակցություն տրամադրելու հարցում:
«Այդ մարդու նպատակը «Ալ-Քաիդայի» ու դրա ապագայի ամրապնդումն էր»,-ասել է դատախազ Ջեն Քրոնանը, ով ներկայացնում է կառավարությունը:
Աբու Ղեյթին սպառնում է ցմահ ազատազրկում, եթե Նյու Յորքի Դաշնային դատարանի ատենակալները նրան մեղավոր ճանաչեն: Դատավարության սկիզբը նախատեսված է մարտի 25-ին:
Աբու Ղեյթի փաստաբան Սթենլի Քոենը իր ամփոփիչ խոսքում հայտարարել է, որ կառավարությունը ապացույցներ չուներ դավադրության վերաբերյալ, եւ որ իր պաշտպանյալի դեմ գործը «զզվելի սպեկուլյացիաներով է պաշտպանվում», հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Քառասունութամյա Աբու Ղեյթը «Ալ-Քաիդայի» ամենաբարձրաստիճան ներկայացուցիչներից է: Նրան մեղադրում են ահաբեկչական գործունեության ու նոյույորքյան ողբերգության համար մեղավոր օդանավերի առեւանգմանը հանցակից լինելու մեջ:
Աբու Ղեյթը ամուսնացած է եղել Բին Լադենի դուստրերից մեկի հետ:
Դատախազները պնդում են, որ Աբու Ղեյթը գիտեր ռումբի մասին, որը 2001-ի վերջում թաքցված է եղել բրիտանացի Ռիչարդ Ռիդի կոշիկի մեջ:




























