Երեւանի քաղաքապետարանի տարեկան ծրագրերի շրջանակում մաքրվում են վարչական շրջանների սահմաններով անցնող Գետառ, Ողջաբերդ եւ Ջրվեժ գետերի հուները:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե աշխատանքները կատարում են մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպությունները:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը նշել է, որ աշխատանքների պատշաճ կատարման նկատմամբ սահմանված է խիստ հսկողություն: Իրականացվում է նաեւ տեխնիկական վերահսկողություն:

Զուգահեռ աշխատանքներ են տարվում նաեւ բնակչության հետ՝ տարածքը մաքուր պահելու եւ չաղտոտելու ուղղությամբ:

Գետերի հուների մաքրման աշխատանքները մեկնարկել են մարտի 1-ից եւ կավարտվեն մինչեւ ապրիլի 15-ը: