Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը ծայրահեղ անհանգստացած է Ադրբեջանում Հայաստանի ու Ռուսաստանի պատմությունների կեղծմամբ: Այս մասին ասվում է խորհրդի հայտարարությունում:

Հայտարարությունում, նաեւ ասվում է.

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական անգամ ռեակցիոն հայտարարություն է արել կապված Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի հետ, որտեղ կրկին սպառնացել է պատերազմով: Բացի այդ, նա ֆանտաստիկ հայտարարություն է արել, իբր Հայաստանը առասպելական պետություն է, որը նախկինում գոյություն չի ունեցել, երեւի մոռանալով հայտնի Մեծ Հայքի մասին:

Բացի այդ, Ռուսաստանը նույնպես Բաքվում ընկալվում է շատ բացասական, հատկապես վերջին իրադարձությունների ֆոնին, երբ ՌԴ իշխանությունները սկսեցին հարգել ազգերի ինքնորոշման իրավունքը: Արդեն բոլոր ադրբեջանական պատմության դասագրքերում Ռուսաստանը ներկայացված է որպես օկուպանտ եւ հիմնական թշնամի՝ Հայաստանի ու Իրանի հետ միասին:

Ակնհայտ է, որ Ղարաբաղի պահելու համար Ադրբեջանին այլ բան չի մնում, քան արհեստականորեն ստեղծել «իր» պատմությունը, որը կհամապատասխանի պաշտոնական Բաքվի հայեցակարգին: Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւը բաց ու անկեղծ այդ մասին հայտարարել է իր ելույթներից մեկում, նշելով. «... պետք է ստեղծել այնպիսի ստեղծագործություններ, որպեսզի դրանք մշտապես, հետեւողականորեն ապացուցեն, որ այն հողերը, որտեղ հիմա գտնվում է Հայաստանը, պատկանել են Ադրբեջանին»:

Այս քաղաքականությունը ոչ մի ապագա չունի հենց Ադրբեջանի համար, քանի որ բռնապետների կեղծ եւ երկերեսանի հայտարարությունները վաղ թե ուշ լցնում են ժողովրդի համբերության բաժակը, եւ ժողովրդական պայթյուն է տեղի ունենում:

Սրան շուտով կբախվի Ադրբեջանը, քանի որ այդ հանրապետության բոլոր բնիկ ժողովուրդները (թալիշներ, լեզգիներ, ավարներ, թաթեր եւ այլն) բռնությունների են ենթարկվում եւ խախտվում են նրանց իրավունքները:

ԼՂ խնդիրը հենց տարածաշրջանի հայերի իրավունքների խիստ ոտնահարումներն են եղել, որոնց վերաբնակեցրել են եւ ամեն կերպ պայմաններ են ստեղծել ձուլման համար: Խորհրդային ժամանակներում բռնի հայաթափվեց Նախիջեւանը, բայց ղարաբաղցիները չհաշտվեցին եւ պահանջեցին միանալ Հայաստանի հետ՝ հիմնվելով պատմական, ազգային եւ քաղաքական իրավունքների վրա: Արդարությունը հաղթանակեց, եւ հայերը, հաղթելով իրենց պարտադրված պատերազմում, ազատագրեցին իրենց բնիկ հողերը:

Վերջին իրադարձությունների ֆոնին, երբ ազգերի իքնորոշման իրավունքն սկսեց գերակայել եւ զգալի դեր խաղալ, շուտով կբարձրացվի նաեւ Ադրբեջան անվանումով արհեստական քաղաքական կազմավորման իրավաչափության հարցը, որը ստեղծվել է 1918-ին, Թուրքիայի կողմից, ապա աջակցություն ստացել Անգլիայի եւ բոլշեւիկների կողմից:

Հենց բոլշեւիկները քաղաքական նպատակահարմարությունից ելնելով Ադրբեջանին նվիրեցին Նախիջեւանն ու Արցախը, որն իր անվանումը կրում է Ուրարտուի թագավորության ժամանակներից, իսկ թուրքերը այս տարածքներ են եկել միայն X-XI դարերում:

Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը պահանջում է հարգել մարդկության պատմությունը եւ քաղաքական նպատակներից ելնելով չզբաղվել կեղծ պատմական քարոզչությամբ, քանի որ դա ի սկզբանե դատապարտված է ձախողման: Տեղեկատվական դարում ճշմարտությունը թաքցնել հնարավոր չէ եւ նմանատիպ ցանկացակ ակցիա կխոչընդոտի ժողովուրդների միջեւ նորմալ մարդկային երկխոսությանը»: