Ի՞նչ ուղղությամբ զարգանա փոքր երկիրը, եթե չունի նավթ, ոսկի կամ այլ բնական պաշարներ: Էստոնիան ընտրել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը եւ մեծ առաջընթաց գրանցել: «Փողի անբավարարությունը մեզ դրդեց զարգացնել   տեղեկատվական տեխնոլոգիաները», - հայ լրագրողներին պատմեց տեղի ՏՏ կենտրոնի ներկայացուցիչ Աննա Պիպերալը:

Էստոնիայում էլեկտրոնային համակարգը գործում է տարբեր բնագավառներում՝ սկսած բանկայինից, վերջացրած աշակերտների օրագրերով, մարդահամարով եւ անգամ ընտրություններով: Ծնողները կարող են մուտք գործել համակարգ եւ երեխաների հաջողությունների մասին տեղեկանալ, կարելի է ընտրություններին էլ չգնալ՝ քվեարկելով ID քարտի օգնությամբ:

Ըստ մասնագետների՝ վճարումների  99,8 %-ն առցանց է կատարվում եւ ամեն ինչ գնում է նրան, որ էստոնացիներն այլեւս դրամապանակ չունենան: «Իհարկե, նման տեխնոլոգիաների ներդրմամբ բարդություններ եղել են, մասնավորապես տարեց մարդկանց համար դժվար էր վարժվել, բայց հիմա բոլորը սովորել են: Բժիշկներն անգամ էլեկտրոնային եղանակով դեղատոմս են նշանակում: Դեղատանը կարելի է կարդալ  ID քարտից կարդալ տվյալները եւ ստանալ դեղամիջոցը», - պատմել է փորձագետը:

Էստոնական մասնագետների կարեւորագույն խնդիրներից է ցանցային անվտանգությունը եւ կիբերպաշտպանությունը: Միաժամանակ ոլորտն այնքան արագ է զարգանում, որ կադրերի անբավարարություն կա: Ընկերությունները ոչ միայն բարձր աշխատավարձ են առաջարկում, այլեւ մտածում են՝ ինչպես ստեղծել պայմաններ, որ մասնագետն իրենց մոտ գնա աշխատելու:

Բնակչության 93%-ն օգտագործում է ID քարտ, նախատեսվում է առաջիկայում ավելի շատ այսպես կոչված բջջային քարտեր ներդնել՝ հատուկ տեսակի SIM քարտեր, որոնք տալիս է օպերատորը: Դրանց օգնությամբ սարքը հեռախոսից կկարդա հարկ եղած տեղեկությունը:

Ինչպես կատակեց մեր զրուցակիցը,  «Էստոնիայում ամեն ինչ կարելի է Էլեկտրոնային եղանակով անել, երեւի միայն ամուսնանալն ու ամուսնալուծվելն առայժմ չի կարելի»:

Լրագրողների Էստոնիա այցը կազմակերպել է Հայաստանում ԵՄ կենտրոնը: