Հայաբնակ Քեսաբի վրա հարձակումը ուժեղ ազդակ է ոչ միայն Հայաստանի ու տարածաշրջանի երկրների համար, այլեւ ՄԱԿ-ի, միջազգային կազմակերպությունների ու միջազգային հանրության համար, որոնք զբաղվում են մարդու իրավունքների հարցերով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է խորհրդարանի փոխխոսնակ , ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով սիրիական հայաբնակ Քեսաբում տեղի ունեցած իրադարձությունները:

Ըստ Շարմազանովի՝ 21-րդ դարում նման ահաբեկչությունների իրականացումը անընդունելի է եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հստակորեն հայտարարել է այդ մասին: «Կարեւոր չէ, թե ինչ նպատակ են հետապնդում ահաբեկիչները: Կարեւոր է մի բան՝ 21-րդ դարում ամենամեծ արժեքը մարդն է: Բոլորը պետք է գիտակցեն, որ ազգային փոքրամասնությունները պաշտպանության ենթակա են՝ ՄԱԿ-ի կանոնակարգի համաձայն եւ այս դեպքում բոլոր համապատասխան կառույցները անելիք ունեն»,-ընդգծել է նա: