«Չգիտեմ՝ լաց լինեմ, թե ծիծաղեմ, սա կամ զավեշտ է, կամ հումոր: Այսօր ռադիոյով լսեցի, որ խորհրդարանական չորս խմբակցություններ կառավարությանն առաջարկում են հրաժարական տալ»: Այս մասին մարտի 25-ին խորհրդարանի նիստում հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով ոչ կոալիցիոն չորս ուժերի այն հայտարարությունը, որ եթե կառավարությունը մինչեւ ապրիլի 28-ը հրաժարական չտա, ապա իրենք այդ օրը նրան անվստահություն հայտնելու փորձ չեն կատարի:
«Սա հավի եւ կորեկի պատմությունն է, ամոթ է ծաղրի առարկա դառնալը», - ասել է Սահակյանը՝ նշելով, որ չորս խմբակցությունների պահվածքը անբնական ծես է հիշեցնում. ամեն երկուշաբթի ԱԺ-ում մի ինչ-որ հիմարություն են դնում քննարկման. «Մարդու ուղեղը լվացքի մեքենա չէ՝ երբ ուզում լվանում ես, երբ ուզում՝ քամում: Դուք ոչ թե հարցեր եք բարձրացնում, դուք փորձում եք ամբոխ հավաքել: Ամբոխը դրական զենք չի, ժողովուրդը դրական է: Ձեզ չի հաջողվում ժողովուրդ հավաքել, ձեզ հաջողվում է հավաքել ամբոխ, ընդ որում՝ անկանխատեսելի: Այդպիսի մի անկանխատեսելի ամբոխ ոչնչացրեց Ուկրաինան», - ընդգծել է Սահակյանը:
Որպես իր խոսքերի ապացույց՝ Գալուստ Սահակյանը Հովհաննես Թումանյանից մի մեջբերում է կատարել. «Ժողովուրդն ու ամբոխը իրար հակառակ բաներ են. ժողովուրդն իմաստուն է, ամբոխը՝ հիմար, ժողովուրդը ծանր է, ամբոխը՝ թեթեւ, ժողովուրդը մեծահոգի ու բարի է, ամբոխը՝ դյուրագրգիռ եւ վտանգավոր, չար: Ժողովուրդն աշխատանք է սիրում, ամբոխը՝ թալան: Դուք ընդամենը սա եք: Ե՛ս դա չեմ ասում՝ Հովհաննես Թումանյանն է ասում՝ 1920 թվականին»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am




























