Հայաստանում լեռնահանքային ընկերությունները չեն փորձում ազդել արտասահմանցի դիվանագետների դիրքորոշման վրա, կայուն լեռնահանքային արդյունաբերության հարցով Երեւանում մարտի 25-ին կայացած ասուլիսում հայտարարել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը:
Խոսակցությունները, թե արտասահմանյան կապիտալով լեռնահանքային ընկերությունները հովանավորել են համաժողովը՝ իրենց շահերը առաջ տանելու համար, Լիչը անհիմն է անվանել:
Նա նկատել է, որ համաժողովի ֆինանսավորումն ապահովել են միջազգային ֆինանսական կազմակերպությունները, ներառյալ՝ Համաշխարհային բանկը եւ Եվրոպայի զարգացման եւ վերականգնման բանկը, ինչպես նաեւ արտասահմանյան դեսպանությունները, եւ, իհարկե, ՀՀ կառավարությունը:
Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը նշել է Հայաստանում քաղաքացիական հասարակության կառուցման գործում բնապահպանական ՀԿ-ների կարեւոր դերը: «Մենք դեմ չենք ոչ մի ՀԿ-ի կամ քաղաքացիական հասարակությանն ընդհանրապես: Հակառակը՝ մենք ցանկանում ենք խթանել դրանք: Եվ ՀԿ-ները, եւ բիզնեսը պետք է սովորեն շփվել միմյանց հետ», - նշել է Մորելը:




























