Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի նախկին ռեկտոր Արա Ավետիսյանը հրաժարականից հետո աշխատանքի է անցել Գիտությունների ազգային ակադեմիայի մեխանիկական ինստիտուտում` որպես գիտաշխատող: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արա Ավետիսյանը, որն այսօր` մարտի 25-ին, եկել էր Կոմիտասի անվան պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին:
«Վերադարձել եմ այնտեղ, որտեղից սկսել եմ իմ գիտական կարիերան: Գիտությունների ազգային ակադեմիայի մեխանիկական ինստիտուտում եմ աշխատում` որպես գիտաշխատող, ասպիրանտներ ունեմ»,- ասաց նա` հրաժարվելով պատասխանել իր հրաժարականի դիմումի վերաբերյալ հարցերին:
Հիշելով Անդրանիկ Մարգարյանին` Արա Ավետիսյանը դժվարացավ հետաքրքիր դեպք պատմել նախկին վարչապետի կյանքից:
«Ամենապահանջկոտն իր ընկերների եւ համախոհների նկատմամբ էր եւ կար մեծ կարեւոր պահանջ` ամեն ինչ ազգիս եւ պետականության համար, աշխատում էինք դրա զինվորը մնալ»,- նշեց նախկին ռեկտորը` ավելացնելով, որ Անդրանիկ Մարգարյանի հետնորդները ամբողջությամբ չեն պահպանել նրա հայացքները:
Հիշեցնենք, որ մարտի 17-ին ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը աշխատանքից ազատման դիմում էր գրել: Այդ բուհում ռեկտորի պարտականությունները դրվել են Հովհաննես Թոքմաջյանի վրա, որը մինչեւ այդ ղեկավարում էր ԵՊՃՇՀ-ն:



























