Ղրիմի վերաբերյալ Ռուսաստանի որոշումն արդեն փաստ է: Եվ չնայած Արեւմուտքը չի ընդունել Ռուսաստանի տվյալ քայլը, պետք է հաշվի նստի նրա հետ: Այս մասին մարտի 25-ին լրագրողներին հայտնել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
Ըստ նրա՝ այժմ հիմնական խնդիրն այն է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի հարաբերությունների ճգնաժամը չխորանա:
«Մենք այժմ լարվածություն ենք տեսնում Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ, որը կանդրադառնա նաեւ այլ տարածաշրջանների վրա», - նշել է Բոզոյանը, հավելելով, որ Հայաստանը պետք է ճիշտ կողմնորոշվի այդպիսի պայմաններում:
«Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի, իսկ ԼՂՀ-ն ողջունի Ղրիմի ժողովրդի ինքնորոշումը», - կարծում է քաղաքագետը:
Ըստ նրա՝ Հայաստանի կողմից Ղրիմի ինքնորոշումը պաշտոնապես ճանաչելը սխալ քայլ է, քանի որ դա կառաջացնի Արեւմուտքի դժգոհությունը, իսկ ղարաբաղյան հիմնախնդրի հարցով Ռուսաստանի դիրքորոշման վրա ոչ մի կերպ չի ազդի:



























