Որոշ «կանաչ » ակտիվիստներ պարզապես ինչ-որ մեկի պատվերն են կատարում, մարտի 25-ին լրագրողներին ասել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը՝ լեռնահանքային արդյունաբերության հարցերով խորհրդաժողովի շրջանակում:
«Նրանք միայն մեկ նպատակով են գալիս՝ խանգարելու եւ ինչ-որ մեկի պատվերը կատարելու: Ո՞ւմ պատվերը՝ պարզեք ինքներդ», - ասել է նախարարը՝ վճռականապես հերքելով այն հայտարարությունները, թե իշխանությունը Հայաստանի ընդերքը մաս-մաս վաճառում է արտասահմանյան երկրներին եւ ընկերություններին, դրանք զրպարտություն որակելով:
«Եթե մեր ընդդիմախոսներն այդպիսի բարձրագոչ հայտարարություններ են անում, թող այդ մասին հաղորդում ներկայացնեն իրավապահ մարմիններին», - նշել է Հարությունյանը:
Հիշեցնենք, խորհրդաժողովի ժամանակ նախարարին էին մոտեցել բնապահպանները եւ առաջարկել գետի ջուր փորձել, հայտարարելով, որ Հայաստանի գետերը, բնապահպանության նախարարության թողտվությամբ, թունավորվում են հանքարդյունահանող ընկերությունների կողմից: Նախարարն էլ պատասխանել էր, որ գետի ջուրը պիտանի չէ խմելու համար ցանկացած երկրում՝ անկախ այն բանից, թե մերձակայքում կան արդյոք հանքարդյունահանող ձեռնարկություններ, թե՝ ոչ:




























