Ղրիմի ու Լեռնային Ղարաբաղի միջեւ զուգահեռներ տանելը դիվանագիտական տեսանկյունից սխալ է:Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, նշելով, որ միջազգային հանրությունը չի ճանաչում Ղրիմի հանրաքվեն, իսկ մենք ցանկանում ենք, որպեսզի բոլոր պետությունները ճանաչեն Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը:
Ըստ քաղաքագետի՝ Հայաստանը պետք է ընդգծի, որ ԼՂՀ հարցը տարբերվում է մյուս բոլոր հակամարտություններից: «Արեւմուտքը ճանաչում է Կոսովոյի ինքնորոշումը, սակայնոչ Ղրիմն ու Աբխազիան, Ռուսաստանը ճանաչում է Ղրիմի ինքնորոշումը, սակայն ոչ Կոսովոն: Նման ցինիզմի պայմաններում Հայաստանը պետք է զգուշավոր քաղաքականություն վարի»,-հավելել է նա:
Բոզոյանը կարծում է, որ Ղրիմի իրադարձությունները կարող են բացասաբար անդրադառնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: «Ադրբեջանը կարող է վստահեցնել Արեւմուտքին, որ Հայաստանը ԼՂ-ում արել է նույնը, ինչ Ռուսաստանը Ղրիմւմ»,-ընդգծել է քաղաքագետը:
Նա ընդգծել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սառը պատերազմ է ու այդ պատերազմը կհաղթի այն կողմը, որը կկարողանա կառուցել ժողովրդավարական, արդար պետություն՝ ուժեղ տնտեսությամբ ու բանակով: «Եթե մենք կարողանանք նման երկիր ստեղծել, ապա կշահենք, քանի որ Ադրբեջանը իր նավթդոլարներով ու սուլթանական պետությամբ օբյեկտիվորեն չի կարող ժողովրդավարության հասնել»,-եզրափակել է փորձագետը:




























