Ուկրաինայի Գերագույն ռադան  չի կարողացել Ալեքսանդր  Տուրչինովին հեռացնել խորհրդարանի խոսնակի պաշտոնից: Համապատասխան որոշմանը կողմ են եղել ընդամենը երկու պատգամավորներ: Հարցը քվեարկության դնելուց առաջ Տուրչինովն ասել է. «Ես առավոտյան ուշադիր լսեցի ժողովրդական պատգամավորների ելույթները: ՈՒԴԱՌ-ի ներկայացուցիչն ասաց, որ իրենք կդնեն Գերագույն ռադայի նախագահի հրաժարականի հարցը: Ցանկանում եմ հարգելի գործընկերներիս հայտնել, ոչ ինձ պետք չէ վախեցնել կամ շանտաժի ենթարկել», - ասել է նա:

«Քանի որ նման առաջարկ  կա, ես  պատրաստ եմ եւ ցանկանում եմ քվեարկության դնել ԳՌ-ի նախագահի հրաժարականի հարցը, որպեսզի այլեւս շանտաժ չլինի: Դուք առաջարկ  ունե՞ք: Ներկայացրեք այն: Չկա՝ ես ձեր փոխարեն կներկայացնեմ: Խնդրում եմ ԳՌ-ին կողմնորոշվել այս հարցում», - նշել է Տուրչինովը:

Դրանից հետո միայն երկու պատգամավոր են «կողմ» քվեարկել, հայտնում է «Ուկրաինսկայա պրավդան»:

Քվեարկությունից հետո Տուրչինովին է մոտեցել ՈՒԴԱՌ-ի առաջնորդ Վիտալի Կլիչկոն եւ ինչ-որ բան  ասել:

Ի պատասխան՝ Տուրչինովն ասել էր. «Դուք քննարկո՞ւմ եք ցանկանում: Ես հիմա հրապարակային քննարկում կանցկացնեմ, եթե ցանկանում եք»: Դրանից հետո Կլիչկոն հեռացել է ամբիոնից, իսկ նիստը շարունակվել է:

Մարտի 24-ին Տուրչինովի եւ Կլիչկոյի միջեւ համաձայնեցման խորհրդում արդեն վիճաբանություն տեղի ունեցել էր, որի ժամանակ Կլիչկոյի միանման հարցերին, թե արդյոք ազգային անվտանգության ծառայության բաց նիստ կանցկացվի,  Տուրչինովը կոպիտ պատասխանել էր, որ «տեղեկությունը պետք է առաջին անգամից ընկալել»: