Երեւան-Եղվարդ ճանապարհին տեղի ունեցած վթարի գործով տուժող Հակոբյանները լրիվ այլ պատճառով են հրաժարվել Պետրոսյանների հետ բանակցություններից։ Այս մասին այսօր՝ մարտի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը՝ այդպես էլ չբացահայտելով, թե որն է եղել պատճառը։

Նա նշեց, որ առհասարակ դեմ է կողմերի բանակցային հարաբերությունների միջամտելուն եւ չի միջամտել Հակոբյանների-Պետրոսյանների հարաբերություններին։  «Փաստաբանը իր գործողությամբ չի կարող վնասել եւ օգնել տուժող կողմին, չկա մի փաստաբան, որ չուզենա հաշտություն։ Իմ շահը ո՞րն է, որ երկուսը թշնամի լինեն։ Եթե անգամ պարոն Բալոյանը անձնավորում է իմ յուրաքանչյուր գործողություն եւ արձագանքում, ես ճիշտ չեմ համարում նման ձեւ վարվելը, մենք մի գրասենյակում ենք աշխատել, ինքը գիտի, թե ինչպես ենք մասնակցում այս գործերով»,-ասաց փաստաբանը։

Նա նշեց, որ այն ժամանակ ընտանիքների միջեւ հաշտության եզրեր եղել են, իրեն հանձնարարվել էր ստեղծել վիճակ, որ չխոչընդոտեն հաշտությանը։ Այդ նպատակով իրավիճակը չսրելու համար անմիջապես չեն հրապարակել այն, որ «Նիվան» հետընթաց կատարելիս է եղել։ «Վարդան Պետրոսյանն ասել է, որ չի ցանկանում ցավ պատճառել տուժող կողմին, եւ ասել է, որ մի քիչ լավանա, ինքը իր ոտքով կգնա իրենց տուն եւ կներակայցնի, թե ինչ է եղել։ Բայց երբ քննիչին տեղյակ է պահել, որ պատրաստ է գնալ խոսել Հակոբյանների հետ, հաջորդ օրը իրեն ձերբակալել են»,- նշեց Նիկոլայ Բաղդասարյանը։

Նա չգիտի, թե ինչու են Հակոբյանները վատ տրամադրված իր հանդեպ եւ անընդհատ վիրավորանքներ են հնչեցնում իր հասցեին, քանի որ, իր կարծիքով, ինքը որեւէ բան չի արել նրանց թշնամությունը վաստակելու համար։

Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Եղիշի Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում իր անձնական օգտագործման «ԲՄՎ-320» մակնիշի մեքենան վարել է Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան քաղաքի ուղղությամբ։ Հասնելով Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին՝ իրականացրել է ոչ պատշաճ եւ վտանգավոր երթեւեկություն` ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն ` 71 կմ/ժ արագությամբ եւ երթեւեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից, ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, թույլ է տվել ՃԵԿ-ի 65 եւ 66 կետերի, ինչպես նաեւ «ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի, 24 հոդվածի 7-րդ կետի «Զ» ենթակետի պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել է վթարային իրադրութուն, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթեւեկելի մասից դեպի աջ եւ առջեւի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետեւի մասին: Վթարի հետեւանքով «Վազ -21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ Արթուրի Հակոբյանին եւ էդգար Հայկի Հակոբյանին անզգուշությամբ պատճառել է մահ, Տաթեւիկ Արթուրի Հակոբյանի առողջությանը, ծանր վնաս` որպես կյանքին վտագ սպառնացող, Հայկ Մարտիրոսի Հակոբյանի, էմմա Հայկի Հակոբյանի ինչպես նաեւ ավտովարորդ Արթուր Մարտիրոսի Հակոբյանի առողջությանը, միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով: Կոտայքի մարզի առաջին ատյանի իրավասության դատարանում մարտի 28-ին կկայանա գործով հերթական դատական նիստը։