Կառավարությունը լուծում է իր առջեւ ծառացած խնդիրները, սակայն ոչ միայն ես, այլեւ ամբողջ կառավարությունը կարծում է, որ կան խնդիրներ, որոնք չի հաջողվել լուծել: Այս մասին մարտի 25-ին հայտարարել է ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը՝ մեկնաբանելով ոչ կոալիցիոն չորս ուժերի այն հայտարարությունը, որ եթե կառավարությունը մինչեւ ապրիլի 28-ը հրաժարական չտա, ապա իրենք այդ օրը նրան անվստահություն հայտնելու փորձ չեն կատարի:
Ըստ նախարարի՝ կառավարությունը վերջին տարիներին հասարակությանը իրազեկել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը ներդնելու մասին: «Սակայն այդ հարցն այժմ քաղաքականացվել է»: Ըստ նախարարի՝ կառավարությունը սպասում է Սահմանադրական դատարանի որոշմանը, որից հետո կենսաթոշակների մասին օրենքում վերջնական փոփոխություն կկատարվի: Միաժամանակ պաշտոնյան կարծում է, որ եթե հասարակությունը պատրաստ լիներ կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրմանը, ապա օրենքը չէր հայտնվի Սահմանադրական դատարանում: Սարգսյանը նաեւ բացառել է, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը կարող է կրկնել ԽՍՀՄ Խնայբանկի ներդրումների ճակատագիրը:
Մեկնաբանելով տարածված այն լուրերը, թե ինքը սիրում է խաղատներում խաղալ, Սարգսյանը պատասխանել է. «Երբեք չեմ եղել ոչ ամենաթանկ, ոչ էլ ամենաէժան խաղատներում: Ցավոք, «դուռակ»-ից բացի ուրիշ խաղ չգիտեմ»:




























