Ֆինանսների նախարար Դավիթ Հակոբյանը շատ փոքր մարդ է, որպեսզի ես նրա խոսքերը մեկնաբանեմ, մարտի 25-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Անդրադառնալով ԲՀԿ-ի հասցեին մեղադրանքներին՝ Զոհրաբյանը նշել է, որ դրանց արժանի պատասխան տվեց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ հայտարարելով, որ 1996թ. ՀՀԿ-ն, որի թիրախը ներկայումս Լեւոն Տեր-Պետրոսյանն է, նրա թեկնածությունն էր ներկայացրել: «Մենք բազմիցս հայտարարել ենք, թե ժամանակին ինչու ենք քվեարկել կուտակային կենսաթոշակային համակարգի օգտին: Եթե Դավիթ Սարգսյանը հասկանալու խնդիրներ ունի, կարող եմ եւս մեկ անգամ ասել: Կոալիցիայի նիստում, որին մասնակցել էին Գագիկ Ծառուկյանը, Վարդան Բոստանջյանը եւ ես, մենք հստակ անհամաձայնություն էինք հայտնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, սակայն այն ժամանակ մեզ ասեցին, որ համակարգը ներդրվելու է 2014թ., եւ մինչ այդ ժամանակ կա, որպեսզի տեսնենք, թե երկրում ինչպիսի տնտեսական աճ կլինի: Այժմ մենք տեսնում ենք, որ այս կառավարությունը թաղել է երկրի տնտեսությունը: Թող մեզ ոչինչ չհիշեցնեն, մենք լավ հիշողություն ունենք, շատ լավ հիշում ենք, որ քվեարկել ենք, եւ պատասխանատու ենք դրա համար», - ասել է Նաիրա Զոհրաբյանը:
Նշենք, որ Դավիթ Սարգսյանը քննադատել էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին՝ անդրադառնալով վերջինիս պատկանող խաղային բիզնեսին: Նախարարը նաեւ հայտնել էր, որ ժամանակին ԲՀԿ-ն կառավարության կազմում էր եւ քվեարկել էր կուտակային կենսաթոշակային համակարգի օգտին:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am




























