Գործարար Ռուբեն Հայրապետյանը որեւէ մեղք չունի 2012թ. «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպի հետ եւ չի կարող ենթարկվել պատասխանատվության։ Այս մասին այսօր՝ մարտի 25-ին, նախագահականի մոտ NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հարսնաքարի» գործով մեղադրյալ Գարիկ Մարգարյանի մայրը՝ Նունե Մարգարյանը, որը գործով մյուս 5 դատապարտվածների հարազատների հետ նախագահական նստավայրի մոտ էր գնացել՝ արտահայտելու իր բողոքը նախօրեին դատավոր Դավիթ Հարությունյանի կայացրած վճռի վերաբերյալ, որով գործով բոլոր 6 ամբաստանյալները դատապարտվել էին 12-ական տարվա ազատազրկման։

«Ամբողջ հանրության հետույքը վառված ա Ռուբեն Հայրապետյանից, եւ ամբողջ սրանց վառվածությունը Ռուբեն Հայրապետյանի դեմ ա։ Բայց մի հատ հարց տամ էդ հանրությանը. Ռուբեն Հայրապետյանը ի՞նչ կապ ունի Համոյի բեխերի հետ։ Ասենք թե էդ վեց տղեն իրա մոտ ա աշխատում։ Հո քաքը չընկա՞վ։ Էնքան օլիգարխներ կան, հազար ձեւի սպանութուններ են անում»,- ասաց Գարիկ Մարգարյանի մայրը՝ Նունե Մարգարյանը։

Ընդհանրապես, հարազատները, մեկը մյուսին հերթ չտալով, գովաբանում էին Ռուբեն Հայրապետյանին, նշելով որ նա «մեծատառով մարդ է»։

Դատապարտվածների հարազատները պահանջում են, որպեսզի գործից տարանջատեն անմեղներին եւ բոլորին չդատապատեն 12 տարվա ազատազարկման։

Նշենք, որ մարտի 24-ին Հարսնաքարի գործով բոլոր 6 ամբաստանյալներին դատարանը, դատապարտեց 12-ական տարվա ազատազրկման։  Հիշեցնենք, որ մեղադրողը 13 տարվա ազատազրկում էր պահանջել ամբաստանյալների համար։ Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, 2012թ. հունիսի 17-ին, ժամը 23:00-ի սահմաններում, այդ ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում դաժանորեն ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանցից մեկը՝ Վահե Ավետյանը, հունիսի 29-ին վախճանվել էր հիվանդանոցում՝ առանց գիտակցության գալու: Հարուցված քրգործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել 6 մարդու՝ Արման Խաչատրյանին, Նորայր Հայրապետյանին, Գարիկ Մարգարյանին, Արման Բաղդասարյանին, Դավիթ Ադամյանին եւ Արթուր Բաբլոյանին, որոնց թվում են նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am