Այսօր՝ մարտի 25-ի նիստում Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 7.5%:
2014 թ. փետրվարին արձանագրվել է 1.2% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.4% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը փետրվարի վերջին կազմել է 4.6%: Խորհուրդը կարծում է, որ առաջիկա ամիսներին 12-ամսյա գնաճը կշարունակի նվազել եւ հատկապես երրորդ եռամսյակում կգտնվի նպատակային ցուցանիշի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանին մոտ՝ պայմանավորված 2013 թ. հուլիսին էներգակիրների սակագների բարձրացման ազդեցության վերացմամբ:
Խորհուրդն արձանագրում է, որ աշխարհաքաղաքական զարգացումների ներքո արտաքին հատվածում զգալիորեն ավելացել են անորոշությունները՝ կապված համաշխարհային տնտեսության եւ գործընկեր երկրների տնտեսական հեռանկարների հետ:
Խորհուրդը գնահատում է, որ 2014 թ. սկզբին պահպանվել են տնտեսական աճի ցածր տեմպերը՝ պայմանավորված հիմնականում շինարարության ճյուղի վերականգնման ցածր տեմպերով: ԿԲ Խորհուրդը գտնում է, որ մինչ օրս դրամավարկային պայմանների իրականացված թուլացումը, զուգորդվելով 2014 թ. երկրորդ կեսից սպասվող ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականությամբ, կհանգեցնի համախառն պահանջարկի ընդլայնմանն ու գնաճի տեմպերի վերականգնմանը՝ տարեվերջից 12-ամսյա գնաճը ձեւավորելով իր նպատակային մակարդակի շուրջ: Միեւնույն ժամանակ, համախառն պահանջարկի աճին կնպաստի նաեւ տարեսկզբից արձանագրված դրամի արժեզրկումը եւ փետրվարին ԿԲ կողմից դրամային պարտավորությունների դիմաց պահուստավորման նորմատիվի իջեցումը:
Այդուհանդերձ, ԿԲ խորհուրդը համակարծիք է, որ արտաքին եւ ներքին տնտեսական հետագա զարգացումներից ելնելով կճշգրտվեն դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ ապահովելով գնաճի նպատակի իրագործումը միջնաժամկետ հատվածում:




























