NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է Ամերիկայի հայ համայնքի ներկայացուցիչ Սերուժ Աբրահամյանի հոդվածը, որը հրապարակվել է «Asbarez»-ում:
ՄԱԿ փորձագետների միջկառավարական խումբը ճապոնական Յոկոգամայում մարտի 25-29 ընթացքում կլիմայի փոփոխությունների հիման վրա քննարկում է իր վերջին ու ամբողջական զեկույցը: Առաջատար գիտնականների ու մասնագետների խումբը կարեւոր մարմին է, որը զբաղվում է մթնոլորտում մարդու գործունեության հետեւանքների ուսումնասիրությամբ:
Ջերմաստիճանի բարձրացումն, ինչպես սպասվում է, կհանգեցնի սննդահամակարգերի լուրջ վնասների առաջիկա 20 տարվա ընթացքում ու կստիպի միլիոնավոր մարդկանց լքել իրենց բնակավայրերը: Զեկույցի համաձայն՝ միլիոնավոր մարդիկ կմնանառանց սնունդի, իսկ գլոբալ անվտանգությունը մեծ սպառնալիքի ներքո կհայտնվի:
Նման վտանգներ սպառնում են նաեւ Հայաստանին՝ իր լեռնային տեղանքով, հողի պակասով, չոր կլիմայով ու գյուղատնտեսությունից ունեցած տնտեսական կախվածությամբ: Համաշխարհային բանկը Հայաստանը դասել է Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի առավել խոցելի երկրների շարքը կլիմայի փոփոխությունների հանդեպ: Վերջին 80 տարիների ընթացքում երկրում էականորեն բարձրացել է օդի ջերմաստիճանը, հաճախակի են դարձել կարկուտը, սողանքները, գարնանային ցրտահարությունները:
Խնդիրը վերաբերում է ոչ միայն բնապահպանությանն ու պարենային անվտանգությանը, այլ նաեւ անդրադառնում է, ինչպե երեւում է, ժողովրդագրական ու աշխարհաքաղաքական անվտանգության վրա: Կլիմայի փոփոխությունների հետ կապված սպառնալիքների մեղմացման համար շատ բան կարելի է անել: Սակայն պետք է արագ գործել, եթե ցանկանում ենք ապահովել ներկա ու ապագա սերունդների ճակատագիրը: Ժամանակը մեր դեմ է գործում:



























