ՆԱՏՕ-ն անհանգստացած է Ուկրաինայի սահմաններին ռուսական զորքերի կուտակումների մասին տեղեկություններով: Այս մասին հայտնել է Դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

«Մենք շատ անհանգստացած ենք Ուկրաինայի սահմաններին Ռուսաստանի ռազմական կենտրոնացվածությամբ»,-ասել է Ռասմուսենը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Միաժամանակ, Ռասմուսենը չի պատասխանել լրագրողների հարցին, թե ինչպիսին են ՆԱՏՕ-ի պլանները, եթե Ուկրաինայի հետ կապված անկանխատեսելի իրավիճակ ստեղծվի, քանի որ Դաշինքում ընդունված չէ նման հարցերի վերաբերյալ մեկնաբանություններ անել, հաղորդում է Segodnya.ru-ն:

Այդուհանդերձ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Դաշինքը միշտ պլաններ ունի իր դաշնակիցների պաշտպանության վերաբերյալ: «Մեզ մոտ պատրաստ են բոլոր պլանները՝ մեր դաշնակիցների շահերի արդյունավետ պաշտպանության համար»,-ասել է նա՝ հավելելով, որ Դաշինքը ներկայումս Ուկրաինայի հետ քննարկում է այդ երկրին աջակցությունը մեծացնելու միջոցները:

Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Դեշչիցան կարծիք էր հայտնել, որ արտաքին քաղաքականության մեջ իր երկիրը օրինակ կվերցնի Ֆինլանդիայից, որը Ռուսաստանի հարեւանն է, ԵՄ անդամ է, սակայն ձեռնպահ է մնում ՆԱՏՕ-ի անդամակցությունից: