2014թ Արմավիր մարզի Էջմիածին քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում մարտի 26-ին, ժամը 14:30-ին տեղի կունենա ամուսնու կողմից հասցված դանակի բազմակի հարվածներից մահացած Լուսինե Դավթյանի սպանության գործով դատական քննությունը: «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն տեղեկացնում է, որ դատավարությունը դռնբաց է:
«Հաշվի առնելով, որ սույն օրը տեղի կունենա Լուսինեի գործով առաջին դատական նիստը՝ Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի անդամ կազմակերպությունները, ակտիվիստները եւ հետաքրքրված քաղաքացիները ներկա կգտնվեն Լուսինեի գործով դատական նիստին՝ նպաստելու գործի արդար քննությանը:
Հորդորում ենք զանգվածային լրատվական միջոցներին՝ ներկա գտնվելու այս կարեւոր դատական նիստի լուսաբանմանը, ինչպես նաեւ հանրությանը տարածելու դատական նիստի մասին տեղեկատվությունը:
Լուսինեի գործի լուսաբանմամբ, փաստաբանական աջակցության տրամադրմամբ եւ դեպքի ընթացքի հետեւողականությամբ զբաղվում է «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի Արագ Արձագանքման Խումբը 2013 թ.-ի օգոստոսից»,- ասվում է հայտարարության մեջ:
Լուսինեի ամուսինը` 35-ամյա Արսեն Առաքելյանը, 2013թ. օգոստոսին առանձնակի դաժանությամբ սպանել է իր կնոջը: Սկզբում բռնուցքով է հարվածել վերջինիս, այնուհետեւ հասցրել է դանակի բազմակի հարվածներ: Վերոնշյալ տեսարանին ականատես է եղել Լուսինեի 15-ամյա դուստրը եւ 5-ամյա որդին: Լուսինեն պատրաստվում էր ամուսնալուծվել, նույնիսկ արդեն հեռացել էր տնից, սակայն դեպքից անմիջապես առաջ ամուսնու եղբոր խնդրանքով վերադառնում է Արսենի տուն՝ զրուցելու:



























