Սիրիայի հայաբնակ Քեսաբի դեպքերը կազմակերպվել են Թուրքիայի կողմից, որն ահաբեկիչներ է ուղարկել հայերի դեմ: Այս մասին մարտի 25-ին լրագրողներին հայտնել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: 

Ըստ նրա՝ ԵԽԽՎ-ի նստաշրջանին, որը մեկնարկում է ապրիլի 7-ին,  կբարձրացվի սիրիահայերի հարցը: «Այսօր Թուրքիան ԵՄ-ում անդամակցության է հավակնում, եւ ինձ զարմացնում է ԵՄ-ի լռությունը: Ըստ էության՝ նույն սցենարն է իրականացվում, ինչ եւ հարյուր տարի առաջ՝ 1915թ. իրադարձությունների ժամանակ, երբ գերտերությունները լռություն էին պահպանում թուրք իշխանությունների արյունալի գործողությունների ժամանակ, իսկ ոմանք էլ աջակցում էին Թուրքիային»:

Զոհրաբյանը նշել է, որ նման դեպքերում Եվրոպան փորձում է խոսել ժողովրդավարության, մարդու իրավունքների, եվրոպական հիմնարար արժեքների մասին, սակայն նույն Եվրոպային պետք է հիշեցնել, որ նա բազմիցս խախտում է այդ արժեքները: «ԵՄ-ի բարձրաստիճան պաշտոնյաները արտահայտվում են Ուկրաինայի իրադարձությունների շուրջ: Սակայն այժմ, վերջիվերջո, նրանք պետք է ԵՄ-ում անդամակցության հավակնող Թուրքիային մեսիջ ուղարկեն»:

Հիշեցնենք,  մարտի 21-ի վաղ առավոտյան Սիրիայի ընդդիմության «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման ջոկատները գրոհել էին հայաբնակ Լաթաքիա նահանգի վրա: Երկու խոշոր ահաբեկչական խմբավորումները Սիրիայի վրա էին հարձակվել Թուրքիայի կողմից: