Հարեւան երկիրը շարունակում է կոպտորեն խախտել հրադադարի ռեժիմը՝ համառորեն մերժելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված շարունակական կոչերը: Այդ մասին Ազգային Ժողովում հայտարարությունների ժամին ասել է Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Սրա վառ ապացույցն է այն, որ երեկ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում դիպուկահարի կողմից մահացու վիրավորում է ստացել զինծառայող Գառնիկ Թորոսյանը: Ակնհայտ է, որ այս ամենն արդյունք է Ադրբեջանի ղեկավարության ֆաշիստական եւ հայատյաց քաղաքականության: Եվ այս ամենից հետո նրանք դեռ իրենց հասարակությունն անվանում են հանդուրժողական»,- նշել է Շարմազանովն ու հավելել. « Կարծում եմ՝ շատերը կհիշեն, որ Երկրորդ աշխարհամարտից առաջ էլ գերմանական նացիստներն էին իրենց շարժումը կոչում քրիստոնեական: Մեկնաբանություններն ավելորդ են»:



























