Հայաստանի խորհրդարանի պատգամավորների խումբը մեկնել է Սիրիա՝ տեղում ծանոթանալու հայաբնկ Քեսաբի հետ կապված միջադեպին, նաեւ Սիրիայի հայերի վիճակին: Այդ մասին այսօր՝ մարտի 25-ին հայտարարել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ նշելով, որ պատգամավորները գտնվելու են Լաթաքիայում, որտեղ ապաստան են գտել Քեսաբի հայերը:
Նրա խոսքով, պատվիրակության կազմում են ՀՀԿ-ականներ Սամվել Ֆարմանյանը, Նաիրա Կարապետյանը, Արման Սահակյանը, Լեւոն Մարտիրոսյանը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն ու անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Այդ կապակցությամբ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նկատել է, թե ողջունում է Սիրիա այցը, սակայն վատ չէր լինի, եթե պատվիրակության կազմում ներկայացված լինեին ոչ միայն իշխանության, այլեւ այլ խմբակցությունների ներկայացուցիչներ: «Մեր խորհրդարանը միակուսակցական չէ, հետեւաբար հարկ էր ներգրավել պատգամավորների այլ խմբակցություններից, հատկապես որ հարցը վերաբերում է ողջ հայությանը»:
Ի պատասխան Հովիկ Աբրահամյանը նշել է, թե խումբը միայն հանրապետականներից չէ բաղկացած:




























