Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի «Վեվ» սուպերմարկետի մոտ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի գործը Հատուկ քննչական ծառայությունը չի քննի։ NEWS.am-ի թղթակցին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ գործը ուղարկվել է Կոտայքի դատախազություն՝ ուսումնասիրման, սակայն այն հետ է ուղարկվել ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն՝ քննության։ Այժմ գործը քննվում է Կոտայքի մարզային վարչությունում, մեղադրյալներ չկան։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 9-ին, երեկոյան, Հրազդանի «Վեվ» սուպերմարկետի մոտ վիճաբանություն է եղել, որի շարունակությանը միջամտել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանը:
Մեր տեղեկություններով՝ վիճաբանող կողմերից մեկը եղել է պատգամավորի ընկերը, որը հաշիվներ պարզելու համար երկրորդ անգամ նույն տեղ գնացել է Դավիթ Քոչարյանի հետ: Վերջինս էլ իր մոտ եղած ատրճանակի բռնակով հարվածել է վիճաբանողներից մեկի գլխին, պատճառել մարմնական վնասվածք, այնուհետեւ մեկ անգամ էլ կրակել է գետնին:
Դեպքի վերաբերյալ մեկնաբանություն չի հաջողվում ստանալ Դավիթ Քոչարյանից, քանի որ նրա հեռախոսն անջատված է: Ոստիկանությունից հայտնեցին, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն: Այդ հոդվածով սահմանվում է խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, այն պատժվում է ազատազրկմամբ՝ 4-7 տարի ժամկետով:




























