Երեւանի 36-ամյա բնակիչ Վաչե Ա.-ն մեղադրվում է ԱՄՆ-ից Հայաստան թմրանյութ տեղափոխելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Դեպքը տեղի է ունեցել դեռ 7 տարի առաջ: Վաչեն, ծանոթ լինելով ԱՄՆ-ից ՀՀ արտաքսված Ռոբերտ Շ.-ի հետ, օժանդակել է, որ վերջինս մաքսանենգությամբ ԱՄՆ-ից Հայաստան տեղափոխի 138.9 գրամ քաշով «կոկաին» տեսակի թմրամիջոց, որը թաքցրել են ծանրոցում տեղադրված մոմի մեջ պատրաստված գաղտանարանում: Թմրանյութով մոմը «Զվարթնոց» օդանավակայանում փորձել են ստանալ գործով արդեն դատապարտված Գայանե Ա.-ն եւ Անի Ն.-ն:
Վաչե Ա.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-րդ եւ 215-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը նախատեսում է ազատազրկում՝ 4-8 տարի ժամկետով: Վաչեն կալանավորված է:
Գործը քննվում է Մալաթիա-Սեբաստիա ընդհանուր իրավասության դատարանում: Այն ընդունվել է վարույթ, սակայն դատական նիստի օրը դեռ նշանակված չէ:



























